Fendi ընկերության լոգոյի պատմությունը

By June 15, 2021 June 17th, 2021 Fendi
Fendi logo evolution

1925 թվականին ներկայացվեց Fendi ընկերության առաջին լոգոն։ Այն մի քիչ արտասովոր տեսք ուներ և տարբերվում էր մյուս բոլոր նորաձևության տների լոգոներից։ Լոգոյի վրա պատկերված էր ծառի ճյուղին նստած սկյուռիկ, որը ձեռքերում պահում էր ընկույզ։

Այս նկարը պատահական չէր ընտրված, այն շատ մեծ նշանակություն ուներ Ֆենդի ընտանիքի համար․ սկյուռի նկարը ժամանակին Էդուարդո Ֆենդին էր նվիրել իր կնոջը՝ Ադելին, և ասում էր, որ վերջինս սկյուռի պես չափազանց զբաղված է:

Լոգոյի վրա սկյուռի պատկերի տակ գրված էր բրենդի անունը մեծատառերով, իսկ անվան ներքևի մասում՝ 1925։ Երկու գրվածքն էլ սան սերիֆ տառատեսակով էին, խիստ ոճով և փիրուզագույն-երկնագույն երանգով։ Այդ գույնը հիանալի էր համադրվում Ֆենդիի բաց դեղին փաթեթավորման թղթի հետ։

Լոգոյի այս տարբերակը պահպանվեց մինչև 1965 թ․։ Այն փոխվեց, երբ Ֆենդիին միացավ Կարլ Լագերֆելդը։
Հայտնի «FF» նշանը Լագերֆելդը ընդամենը մի քանի վայրկյանում գծել էր թղթի վրա։ «FF»-գրվածքի ներքևի հատվածում գրվեց Fendi, կրկին մեծատառերով, սան սերիֆ և ուղիղ ու ձիգ տառատեսակով։

2000 թ․-ին «FF» նշանը հանվեց լոգոյի պաշտոնական տարբերակից և օգտագործվեց միայն կտորի և կաշվի վրա տպագրության ժամանակ։

Լոգոն բաղկացած էր միայն Fendi գրվածքից։ Տառատեսակը մնաց նույնը՝ սան սերիֆ և զուսպ, իսկ այ տառերի արանքում եղած հեռավորությունը մեծացվեց։ Այդպիսով լոգոն ստացավ թեթևություն։

2013 թվականին լոգոն երնթարկվեց ռեդիզայնի։ Արդյունքում լոգոյի տառատեսակը դարձավ ավելի կլորացված, կորցրեց նախկին սրությունը։ Օգտագործված շրիֆտը նման է Basic Commercial Soft Rounded Pro Bold-ին։ Չնայաց, որ այժմ տառերն ունեն կլորություն, լոգոն շարունակում է մնալ ձիգ և էլեգանտ, պահպանում է դասական ձևը։

Լոգոյի ներքևի հատվածում գրված է «ROMA», օգտագործված տառատեսակը նույնն է, սակայն գրվածքն ավելի փոքր է։

«ROMA»-ն հարգանքի տուրք է բրենդի ծննդավայրին և ոգեշնչման աղբյուրը։